Հայաստանի մշակույթի նախարարն ամփոփեց անցնող տարվա արդյունքները

Հայաստանի մշակույթի նախարարն ամփոփեց անցնող տարվա արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Երևանում տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ անցնող տարվա հիմնական աշխատանքներից մեկը թանգարանային ֆոնդի վերահաշվառումն էր: «Ամենավառ ձեռքբերումը դարձավ մեր խաչքարերի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ: Օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» անվանակարգում ընդգրկվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահվող` կոմպոզիտորի 10 ստեղծագործությունների ձեռագիր նոտաները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` 2010 թվականին կազմակերպվեցին մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում` Օրբելի եղբայրների և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարաններում, Հայաստանի պատմության թանգարանում: «Մենք նաև 6 մեծ ցուցահանդես անցկացրեցին արտասահմանում` Սլովենիայում, Մոսկվայի Պուշկինի անվան արվեստի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում, Լիբանանում, Սիրիայում, Նիդեռլանդներում»,- ընդգծել է Հ.Պողոսյանը:

Նախարարն անդրադարձել է նաև Թանգարանների գիշերվան: «Արդեն 6-րդ տարին է, ինչ մենք անցկացնում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված Թանգարանների գիշերը: Այս տարի այդ գիշերվա ընթացքում 34 թանգարաններ այցելեցին շուրջ 20 000 մարդ: Բացի դրանից, անցկացվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված հոբելյաններին` Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված փառատոնը, Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը և այլն»,- նշել է նա:

Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ 2010 թվականի ծրագրի հիմնական կետերից մեկը, որը Մշակույթի նախարարությունը չհասցրեց իրագործել, մշակութային հուշարձանների վերականգնման մասնագետների պատրաստումն էր: «Հուշարձանների վերականգնման կենտրոնների ստեղծումը մի խնդիր է, որի լուծման համար ոչ միայն մարդկային ռեսուրսներ, այլև տեխնիկական զինում է անհրաժեշտ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---