27 դեկտեմբերի 2010 - 17:35 AMT
2011թ. հունվարին Հայաստանի խորհրդարանը կքննարկի հասարակական կազմակերպությունների մասին օրինագիծը

2011թ. հունվարին ՀՀ խորհրդարանում տեղի կունենա «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արամ Սաֆարյանը: 2010թ. քննարկված կարևորագույն օրինագծերի թվում Արամ Սաֆարյանը նշել է «Երեխաների պաշտպանության մասին» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Հանձնաժողովի օրակարգում է նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ինչ վերաբերում է «Խղճի ազատության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծին, ապա հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ այն չի քննարկվի երկրորդ ընթերցմամբ, քանի որ դեռ չեն հարթվել օրինագծի վերաբերյալ բոլոր տարաձայնություններն ու հակասությունները: