27 դեկտեմբերի 2010 - 17:40 AMT
Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլսի» կողմից անցկացվող երկրաբանական հետազոտությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ և շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Նախագահը կարևորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաև այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները:

Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաև այն, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած գործարան և իր ավանդույթներն ունեցող ամուր կոլեկտիվ:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: