Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին ավանդաբար կայցելի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս

Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին ավանդաբար կայցելի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին ավանդաբար կայցելի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: «ՀՀ պաշտպանության նախարարը Նոր տարին կդիմավորի ընտանիքի հետ»,-ասել է նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Նոր Տարվա նախաշեմին յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները:

«Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը»,-ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ 2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում, արդիականացվել և հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան:

Անդրադառնալով Հայաստանի ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ զորավարժությունների: Նրա խոսքերով, ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում և թե Աֆղանստանում:

Նախարարը հիշեցրել է, որ 2010 թվականը զինված ուժերում հայտարարված էր «Գիտելիքի տարի»: Այս կարգախոսին համապատասխան, ողջ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների մասնագիտական պատրաստությանը: Զինված ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիորեն բարելավել են մի շարք կարևոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինված ուժերում ներդրել առաջատար չափանիշներ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակն ավելի բաց և թափանցիկ է դարձել հասարակության առջև: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում և մամուլում:

Անդրադառնալով վերջին միջադեպերին բանակում՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակում խնդիրները դեռևս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը: Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում` տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: «Կարծում եմ` 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը և միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար»,-ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան և մնալու են իր անմիջական ուշադրության ներքո, և «մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ»:

Նախարարը իր շնորհավորանքներն է հղել բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:

Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր է Սեյրան Օհանյանն ուղղել ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---