Իրանի պետական ԶԼՄ-ները հերքում են ամերիկուհի «լրտեսի» ձերբակալման մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - Իրանի պետական հեռուստատեսությունը հերքել է ԶԼՄ-ների նախորդ հաղորդագրություններն այն մասին, թե իրանական իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ մի քաղաքացուհու լրտեսության մեղադրանքով: Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան:

Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան:

Իրանական այլ ԶԼՄ-ներ հաղորդել են, թե ամերիկուհին կրել է «լրտեսական սարքավորումներ»՝ ներառյալ բարձրախոսը, որը թաքցված էր ատամի մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է «Ամերիկայի ձայնին», որ ԱՄՆ-ն հաղորդագրություն է ստացել Թալայանի մասին և ստուգում է այն: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի կարողացել հաստատել Թալայանի ձերբակալության փաստը և այն, որ նա ԱՄՆ քաղաքացի է:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին դիվանագիտական աղբյուրներից, այս գործում անհասկանալի շատ բան կա: «Նման անունով կին գոյություն չունի և հայ-իրանական սահմանի խախտման ոչ մի դեպք չի եղել: Ներկայումս իրանական և ամերիկյան կողմերը ճշտում են տեղեկատվությունը»,-հայտարարել է աղբյուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---