Արևմուտքի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը վատթարացնում է իրավիճակը, գտնում է իրանցի քաղաքական գործիչը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, Արևմուտքի միջամտությունը միայն վատթարացնում է իրավիճակը: Այդ մասին հայտարարել է Թավրիզի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Հաուշենգ Ֆակերը Մոսկվայի Առևտրի պալատում իրանական հանձնաժողովի ղեկավար Ռաջաբ Սաֆարովի հետ հանդիպմանը:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պայման է հանդիսանում Ջուղա-Մոսկվա երկաթուղային երթևեկության վերսկսման համար:

«Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը ամեն օր 400 վագոն է տեղափոխվել այդ երկաթուղով: Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանգեցրեց երկաթուղու ավերմանը, իսկ այսօր անհրաժեշտ է համագործակցել ռուսական կողմի հետ, անհրաժեշտ է նրա ավանդը այդ երթուղին վերականգնելու համար»,-ասել է նա:

Իր կողմից Սաֆարովը նշել է, որ Արևմուտքը մտահոգված է նրանով, որ հակամարտության հանգուցալուծման դեպքում կարող է ուժեղանալ Իրանի դերակատարությունը համաշխարհային խնդիրների լուծման հարցում:

«Անտրամաբանական է, որ հարևան երկրների միջև հակամարտության պատճառով, ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղին չի գործում»,-ասել է նա:

Սաֆարովը հայտարարել է նաև, որ ռուսական երկաթուղային ընկերությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ջուղա-Մոսկվա երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործում, հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---