10 հունվարի 2011 - 12:08 AMT
Ադրբեջանը մտադիր է «զարմացնել» տարածշրջանի երկրներին ժամանակակից սպառազինությամբ

Մոտ ապագայում Ադրբեջանը մտադիր է «զարմացնել» ողջ տարածաշրջանին պաշտպանական նշանակության իր արտադրանքով: Զենքի և զինամթերքի բոլոր նոր տեսակները նախատեսվում է թողարկել 8 նոր արտադրամասերում, որոնք նախատեսվում է բացել մինչև 2011-ի մարտ ամիսը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նրա խոսքերով, դրանք 40x46 մմ տրամաչափով ատրճանակային նռնականետեր են, 107 մմ-անոց ռեակտիվ համազարկային կրակի համակարգեր, 122 մմ-անոց հրետանային հակատանկային արկեր:

Նա նաև հաղորդել է, որ նախատեսվում է 5 վառոդային գործարանների շինարարություն, այնպիսի պայթյունավտանգ նյութերի արտադրության գործարաններ, ինչպիսիք են հեգսոգենը և տրոտիլը: «Մենք կարտադրենք նաև լազերային համակարգով հրթիռներ, որոնք կտեղադրվեն ուղղաթիռների վրա: Այդ աշխատանքներով մենք կզարմացնենք տարածաշրջանին»,- ասել է նախարարը:

Ադրբեջանում պաշտպանական նշանակության արտադրանքի արտադրությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ: Մինչև տարեվերջ նախարարությունը մտադիր է ավելացնել պաշտպանական նշանակության արտադրանքի թիվը՝ 413-ից հասցնել 470-ի, հաղորդում է AZE.az-ը: