10 հունվարի 2011 - 16:19 AMT
Ալեքսանդր Լուկյանով. Ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվայի համար ՌԴ-ի կովկասյան քաղաքականության ետին պլանում է

Առաջիկայում կտրուկ փոփոխություններ Ղարաբաղի շուրջ չեն լինի: Մանևրներ կլինեն բանակցային գործընթացի շուրջ, սակայն իրական քայլեր հակամարտության կարգավորման ճանապարհին չեն արվի: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ աշխարհագրության բաժանմունքի գիտաշխատող, քաղաքական աշխարհագրության մասնագետ Ալեքսանդր Լուկյանովը:

Լուկյանովն ասել է նաև, որ 2011թ. լայնածավալ ռազմական գործողություններն անցանկալի են և անիրական: «Պատերազմն անցանկալի կորուստների կհանգեցնի: Ավելի լավ է ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծել: Ի դեպ, միջազգային խաղացողների համար կայունությունը Հարավային Կովկասում, թեկուզ սառեցված վիճակում, շատ ավելի շահավետ է, քան ռազմական գործողությունները: Արևմուտքի կողմից անտարբերություն չկա, Արևմուտքն ուղղակի չի հասկանում, թե որոնք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այս ամենը հիշեցնում է մերձավորարևելյան հակամարտությունը, երբ այն հանգուցալուծելու Արևմուտքի բոլոր փորձերը ձախողվում են: Առավել ևս, որ ղարաբաղյան հակամարտությունն, ի տարբերություն պաղեստինյանի, անմիջականորեն չի շոշափում Արևմուտքի շահերը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա ակտիվացման փորձը կովկասյան ուղղությունում կապված է լարվածության աճի հետ ողջ Կովկասում, առաջին հերթին, Հյուսիսային: Ուստի Մոսկվան մշտապես սխեմաներ է որոնում, որոնք կայունություն կապահովեն այս տարածաշրջանում: Հարկավոր է լուծել նաև ընթացիկ խնդիրները, որոնք մշտապես ծագում են Կովկասում: Կան նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրները: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա, ըստ իս, Մոսկվայի համար այն գտնվում է կովկասյան քաղաքականության ետին պլանում»,-ասել է նա, հաղորդում է Day.Az-ը: