Մահացել է Իջևանի զորամասերից մեկում «նախաամանորյա» միջադեպի մասնակիցներից մեկը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի զորամասերից մեկի հրամանատար Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Սեյրան Օհանյանի մեկ այլ հրամանագրով պաշտոններից ազատվել են ևս երկու սպաներ: Այս պահի դրությամբ քննարկվում է Սերգեյ Կարապետյանին մեղադրանքների ներկայացման հարցը:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան` մոտ 23:00-ին Իջևանի շրջանի զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի մոտ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Ընդ որում` Կարապետյանը հաղորդել է, որ ներկա պահին բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ չկան, հետաքննություն է ընթանում: Կարապետյանը նաև կոչ է արել մինչև նախաքննության ավարտը ձեռնպահ մնալ այդ դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություններից:

Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև հակամարտություն է ծագել այն բանից հետո, երբ հրամանատարը նրանցից պահանջել է լքել զորամասը, ուր նրանք այցելել էին, որպեսզի հանդիպեին իրենց ծանոթի հետ: Երիտասարդները հրաժարվել են ենթարկվել, որից հետո վեճ է բռնկվել, արդյունքում երիտասարդներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վնասվածք է ստացել նաև զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը:

Հունվարի 9-ի գիշերը մահացել է 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, որը գլխուղեղի վնասվածք էր ստացել միջադեպի արդյունքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---