11 հունվարի 2011 - 11:51 AMT
Մոսկվայում և Կրասնոդարում տեղի կունենան Գեորգի Գարանյանի հիշատակին նվիրված համերգներ

Հունվարի 11-ին լրացավ հայտնի ջազ սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանի մահվան մեկ տարին: Գարանյանի հիշատակին նվիրված համերգներ կանցնեն Կրասնոդարում և Մոսկվայում: Մոսկվայի Et Cetera թատրոնում տեղի կունենա «Ջազ-ֆանտազիա» համերգը: Համերգին կմասնակցեն Գեորգի Գարանյանի բիգ-բենդը, Դենիս Մացուևի «Աստղերը Բայկալում» փառատոնի մասնակիցները, դերասաններ Ալյոնա Յակովլևան և Սերգեյ Չոնիշվիլին, ինչպես նաև երաժշտի ընկերներն ու գործընկերները:

Կրասնոդարում Գարանյանի բիգ-բենդի երաժիշտները հունվարի 11-ին համերգ կտան՝ նվիրված նվագախմբի ստեղծողի հիշատակին, հաղորդում է Գարանյանի հիմնադրամի մամլո ծառայությունը:

Հայտնի սաքսոֆոնահարը, դիրիժորը և կոմպոզիտորը վախճանվել է սրտի նոպայից 2010 թվականի հունվարի 11-ին կյանքի 76-րդ տարում Կրասնոդարում, ուր նա ժամանել էր մասնակցելու ամենամյա համերգին ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ: