11 հունվարի 2011 - 12:13 AMT
Գորան Լինդբլադը գտնում է, որ առանց եվրոպական երկրների ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախկին ղեկավար Գորան Լինդբլադը հունվարի կեսին ձեռնամուխ կլինի մի նախագծի, որը թույլ կտա եվրոպացի քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ավելի լավ ծանոթանալ ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակին: «Նախագծում ներառվում են հանդիպումները գործընկերների հետ Եվրոպայի խորհրդում ու Եվրախորհրդարանում: Ես արդեն քննարկումներ եմ ունեցել Ֆինլանդիայի, Բելգիայի, Հոլանդիայի ու Իսպանիայի քաղաքական գործիչների հետ և մտադիր եմ դիմել ԵՄ և ԵԽԽՎ բոլոր անդամներին»,-ասել է Լինդբլադը:

Լինդբլադի նախագծի հիմնական նպատակն ուղղված է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵՄ քաղաքական գործիչների միջավայրում քարոզչության ուժեղացմանը: «Առաջընթացի միակ ուղին իրազեկման բարձրացումն է, հակառակ դեպքում ոչինչ տեղի չի ունենա»,-ասել է Լինդբլադը՝ հավելելով, որ եվրոպական հանրության իրազեկման մակարդակը հակամարտության մասին բավականին ցածր է: Ըստ Լինդբլադի, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը շատ դանդաղ է ընթանում՝ հաշվի առնելով ԵՄ կողմից ճնշման բացակայությունը:

«Եթե եվրոպական քաղաքական վերնախավը ավելի լավ իրազեկված լինի, ապա նա կկարողանա ճնշում գործադրել ռուս գործընկերների հետ համատեղ: Առանց եվրոպական երկրների ճնշման զգալի ոչինչ չի կատարվի»,-ասել է Լինդբլադը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: