11 հունվարի 2011 - 18:53 AMT
Հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Լոս-Անջելեսում

Հունվարի 15-ին Լոս-Անջելեսում տեղի կունենա հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:

Տիգրան Համասյան - ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր։ Ծնվել է 1987 թվականին Գյումրիում: 1998-ին Երևանյան առաջին ջազ փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար։ Երկու տարի անց նրա ծանոթությունը Ստեփան Կոչոյանի հետ որոշիչ դեր է խաղացել Համասյանին եվրոպական ջազային հանրությանը ներկայացնելու գործում:

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է «Red Hall» կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ է ստանում լավագույն ջազային փառատոններից և հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում:

Տիգրան Համասյանի հաշվին երեք սոլո ալբոմ կա` «World Passion» (2006), «New Era» (2007) և «Red hail» (2009):