13 հունվարի 2011 - 09:37 AMT
Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի պատվո հյուպատոսարանը

Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոս Արտաշես Չիլինգարյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2010-ի դեկտեմբերի 1-ին, և նա դադարեցրել է գործունեությունն այդ պաշտոնում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Միաժամանակ, ինչպես գրում է ռուսական URA.Ru գործակալությունը, Եկատերինբուրգում նկատվում է վատ միտում. մեկը մյուսի ետևից փակվում են կամ նվազում է տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվությունը: 2010-ի վերջին դադարեցրել է աշխատանքը Բուլղարայի գլխավոր հյուպատոսարանը, Ամանորից առաջ ետ են կանչել Հայաստանի պատվո հյուպատոսին: Կարող է փակվել Դանիայի առևտրական ներկայացուցչությունը, դժվարություններ է ապրում հունգարական հյուպատոսությունը:

Գործակալության կարծիքով, Արտաշես Չիլինգարյանն անվանի բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի ազգականն է: «Հայաստանը խնդիր ունի` կապված հենց հյուպատոսի անձի հետ»,- ասել է շրջանի կառավարության աղբյուրը և հավելել, որ Չիլինգարյանն ավելի շատ զբաղվել է հայկական համայնքի ներսում տարբեր կոնֆլիտկների մասնակցությամբ:

Աղբյուրի համաձայն, նրա փոխարեն ոչ ոք չի նշանակվելու, և Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսի գրասենյակը դադարեցնելու է իր գործունեությունը: