13 հունվարի 2011 - 13:22 AMT
Հայկական պատվիրակությունը կբոյկոտի ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ստեղծումը

Հունվարի 24-ին մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցեր չեն քննարկվելու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Սակայն, մենք պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել նստաշրջանի աշխատանքին: Դուք գիտեք, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ է դառնալու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ միասին նրանք փորձում են օգտագործել Թուրքիայի համար բարենպաստ ժամանակահատվածն իրենց օգտին: Մասնավորապես, Չավուշօղլուն ամեն հնարավորը կանի վերականգնելու համար ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի աշխատանքը, եթե դա նրան հաջողվի, ապա հայկական պատվիրակությունը կբոյկոտի ենթակոմիտեի աշխատանքը»,-ասել է Զոհրաբյանը: Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթների ժամանակ մտադիր է հարցերով դիմել Թուրքիայի ղեկավարությանը Հայաստանի ազգային շահերին առնչվող հարցերով, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղին ու Ադրբեջանից հայ փախստականներին: