13 հունվարի 2011 - 15:05 AMT
Բլոգն օգնում է ՀՀ վարչապետին լուծել մի շարք խնդիրներ

Տիգրան Սարգսյանն ամփոփել է 1 տարվա ընթացքում անձնական բլոգը վարելու արդյունքները: «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ` ինձ». մեկ տարի առաջ այս համոզմունքն էր, որ ստիպեց ինձ բացել իմ բլոգը: Ձեզանից շատերը ողջունեցին այդ գաղափարը, որոշները թերահավատ էին, կային մարդիկ, ովքեր իմ Կենդանի մատյանի համար կարճ կյանք էին կանխատեսում: Մեկ տարվա ընթացքում մենք բազմաթիվ թեմաներ քննարկեցինք՝ գիտության խնդիրներից մինչև մեր գրական նախընտրությունները, բարձր տեխնոլոգիաներից մինչև մշակութային ժառանգության պահպանման հարցերը»,- ասել է ՀՀ վարչապետը:

«Ձեր իսկ մասնակցությամբ լուծվեցին մի շարք խնդիրներ՝ օրինակ, պետական համակարգում պարտադիր կիրառություն ստացան յունիքոդ տառատեսակները, կանոնակարգեցինք ու առավել թափանցիկ դարձրեցինք պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներից օգտվելու կարգը, բլոգերներն ընտրեցին Հայագիտական խորհրդում իրենց ներկայացուցչին, լուծում գտան ձեր կողմից բարձրաձայնած մտահոգություններից շատերը: Իմ գրառումներից ոչ բոլորը միանշանակ ընդունելություն գտան, ծավալվեցին բանավեճեր, ինչը ես շատ դրական եմ համարում: Ես գնահատում եմ նաև մեր հանդիպումները, որոնք ինձ համար ձեզ հուզող խնդրիները լսելու անմիջական հնարավորություն էին:

Այսօր, շրջելով իմ Կենդանի Մատյանի մեկամյակի էջը ցանկանում եմ փաստել, որ ինձ համար նույնքան կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Մեկ տարում ՀՀ վարչապետը 31 գրանցում է կատարել Կենդանի մատյանում (Live Journal), և 32 անգամ մեկնաբանել գրությունները: Tigransargsyan բլոգերի մշտական ընթերցողներն են 377 մարդիկ: