13 հունվարի 2011 - 16:01 AMT
Հայաստանում դեռ չի մշակվել ամանորյա տոնակատարությունների ծրագիր, որը կարող է հրապուրել զբոսաշրջիկներին

Հայաստանի քաղաքացիներն այս անգամ որոշել են Նոր տարին և Սուրբ ծնունդը հիմնականում նշել Աթենքում, Փարիզում, Լառնակայում, Դուբայում և Թել Ավիվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է «Արմավիա» ավիաընկերությունը: Հենց այդ չվերթները մեծ պահաջարկ են վայելել բնակչության շարքում: Ինչ վերաբերվում է Վրաստանին, այդ չվերթն աշխատել է սովորական ռեժիմով:

Միաժամանակ, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Վահե Դավթյանը հաղորդել է, որ 2011-ի հունվարի 1-9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մեկնել 451 ուղևոր, ինչը խոսում է այն մասին, որ հայերն անտարբեր չեն այդ երկրի նկատմամբ: Ավելին, մեր ժողովուրդն ուղղակի ցանկանում է փոխել ամանորյա տոների նկատմամբ ավանդական մոտեցումը, փոխել միջավայրը, առավել ևս, տեղի հանգստավայրերը մատչելի չեն. նույն Ծաղկաձորում 1 օրվա հանգստի արժեքը 30 000 դրամ է` չխոսելով Ջերմուկի և այլ վայրերի մասին:

Պետք է նշել, որ Հայաստանում դեռ չի մշակվել ամանորյա տոնակատարությունների ծրագիր, որը կկարողանար զբոսաշրջիկներին հրապուրել, իսկ տնից տուն գնալը և միայն ուտելն ու խմելը չեն գրավում արտասահմանցիներին: Օրինակ, Թբիլիսիում Սուրբ ծնունդի ժամանակ տեղի է ունենում ավանդական ժողովրդական տոնակատարություն և ալիլո` մանկատների երեխաների համար նվերների հավաքում: Բացի դրանից, Վրաստան հաճախ այցելող քաղաքացիները նկատել են, որ վերջին 2-3 տարում երկրի իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում Թբիլիսին եվրոպական քաղաքների օրինակով զարդարելու վրա, ինչը նույնպես գրավում է հյուրերին: