13 հունվարի 2011 - 16:32 AMT
Պատգամավոր. Հայաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ գազի սակագինը շուկայական է լինելու

Հայաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ որոշ ժամանակ անց գազի գինը շուկայական է դառնալու, դա անխուսափելի է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր բարձրացումը 2011թ. ապրիլին:

Նա գտնում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի գործընկերությունը թույլ է տալիս հուսալ, որ անցումը շուկայական գներին ցավոտ չի լինի Հայաստանի տնտեսության ու բնակչության համար:

Անդրադառնալով պետական սուբսիդավորման հարցին գազի սակագնի բարձրացման դեպքում՝ պատգամավորը նշել է, որ քանի դեռ բանակցություններ են ընթանում և որոշված չէ թե երբ և ինչ չափով է բարձրանալու սակագինը, նման հարց քննարկելը վաղաժամ է: «Եթե գազի սակագինը չգերազանցի 2011թ. նախատեսված 4±1,5% գնաճի չափը, ապա ամեն ինչ կանցնի բյուջեով նախատեսված սցենարով: Սակայն, եթե գազի սակագինը կտրուկ բարձրանա և գերազանցի գնաճի նախանշված մակարդակը, ապա միշտ հնարավոր է քննարկել սուբսիդավորման հարցը»,-ասել է Մինասյանը: