13 հունվարի 2011 - 17:17 AMT
Գագիկ Մինասյան. 2011-ին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 3.8 մլրդ դոլարի

«2010-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմելու է շուրջ 5 տոկոս նախատեսված 6 տոկոսի փոխարեն, իսկ 2011-ին այն հաստատվել է 4 տոկոսի մակարդակում, բայց մենք անելու ենք ամեն ինչ անցյալ տարվա նման այդ ցուցանիշը 1 տոկոսով գերակատարելու և 3 տոկոսի մակարդակին հասնելու համար»,- լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Միաժամանակ, նա պարզաբանել է, որ դեֆիցիտի բարձր մակարդակը պայմանավորված է եղել երկրի տնտեսության մեջ բավական մեծ վարկային միջոցների ներգրավմամբ` հակաճգնաժամային ծրագրերի իրագործման համար:

Բացի դրանից, պատգամավորը նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2011-ի վերջին հասնելու է 3.8 մլրդ դոլարի 2010-ի վերջի 3.38 մլրդ դոլարի փոխարեն: «Հայաստանի արտաքին պարտքի նման ցուցանիշը կազմելու է երկրի ՀՆԱ 42 տոկոսը, ինչը ցածր կամ միջին բեռ է: ՀՀ կառավարությունը հնարավոր ամեն ինչ անելու է այդ ցուցանիշը կրճատելու համար»,- ասել է Մինասյանը:

Պատգամավորը նաև հաղորդել է, որ ՀԲ-ից վերջերս 25 մլն դոլարի չափով ներգրավված վարկային միջոցներն ուղղվելու են տնտեսության` այդ միջոցների կարիքն ունեցող ոլորտներ, մասնավորապես, սոցիալական ոլորտ: