13 հունվարի 2011 - 17:50 AMT
Կաղանդ պապի մասին հեքիաթի մրցույթի հաղթող է դարձել 82-ամյա հայուհին

Հունվարի 11-ին «Ձմեռային փառատոն Հայաստան-2010»-ի շրջանակներում Կաղանդ պապի մասին հեքիաթի և լավագույն տոնածառի մրցույթների հաղթողներին այդ առիթով հրավիրված մամլո ասուլիսում հանձնվեցին մրցանակներ ու հավաստագրեր «Կանաչաստան» ՀԿ-ից, Deem Communications-ից ու «Պողոսյան պարտեզներ» ընկերությունից:

«Այս տարի Կաղանդ պապի մասին ամենահետաքրքիր մրցույթի հաղթողը սիրողական անվանակարգում ճանաչվեց 82-ամյա Ժանետտա Անանիկյանը, իսկ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ Նաիրա Եդիգարյանը: Ամենագեղեցիկ տոնածառի մրցույթում 2 հաղթող եղավ՝ IDS և «Ղողանջ» ՀԿ-ները: Ընդ որում մրցույթ-ցուցահանդեսին ներկայացվել էր 22 տոնածառ 14 ՀԿ-ներից: IDS-ը նաև հատուկ մրցանակ ստացավ «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունից, մամլո ասուլիսում հայտարարեց «Ձմեռային փառատոնի» նախաձեռնող և կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը: Ըստ նրա, հատուկ մրցանակ ստացավ նաև «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, որը Կաղանդ պապի կերպարի հեղինակն է:

Դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը Երևանում տեղի ունեցավ «Ձմեռային փառատոն Հայաստան-2010»-ը, որի կարգախոսն էր «Միասին գունազարդենք ձմեռը», որի շրջանակներում մի շարք հետաքրքիր միջոցառումներ անցան Սիրահարների զբոսայգում, այդ թվում համերգ տեղի ունեցավ Շուշան Պետրոսյանի, ArtVoices խմբի, Սուրեն Առուստամյանի, Exodus և «Ռեինկարնացիա» և այլ խմբերի մասնակցությամբ: Լույս տեսավ «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որի հեղինակն է Աստղիկ Սիմոնյանը: Փառատոնին մասնակցեց շուրջ 6 500 մարդ: