14 հունվարի 2011 - 19:02 AMT
Անցած տարի Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր, ասվում է ՀՀ ԱԳՆ հաշվետվության մեջ

Հունվարի 14-ին հրապարակաված ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում անդրադարձ է արվում մեր երկրի անմիջական հարևաններին: 2010 թ. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կայացել են մի շարք բարձրաստիճան շփումներ, այդ թվում` փետրվարի 22-23-ը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան, ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի աշխատանքային այցը Վրաստան, Վրաստանի ԱԳ նախարար Գ. Վաշաձեի աշխատանքային այցը ՀՀ, ասվում է փաստաթղթում:

Հայ-վրացական բանակցությունների ընթացքում մշտապես քննարկվել են վիրահայությանը հուզող խնդիրները: 2010թ. մարտի 1-ին, Հայաստանի միջնորդությամբ ընթացած բանակցությունների արդյունքում, վերաբացվել է Վրաստանի եւ ՌԴ միջեւ ավտոմոբիլային “Կազբեգի”-“Վերին Լարս” սահմանային անցակետը, որը չէր գործում 2006թ. օգոստոսից:

Անդրադառնալով հաշվետու ժամանակաշրջանում հայ-իրանական հարաբերություններին, նշվում է, որ համագործակցության առումով նշանավորվել է մի շարք գերատեսչությունների միջեւ տեղի ունեցած փոխադարձ այցերի առատությամբ եւ շփումներով: Տարվա ընթացքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձություններից էր 2010 թ. հոկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության Թեհրան կատարած այցը: Հոկտեմբերի 8-10-ը Երեւան ժամանեց ԻԻՀ մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

Հաջողությամբ շարունակվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով 2010 թ. սեպտեմբերի 15-16-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա անցած տարի Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը: Ապրիլի 22-ին ՀՀ նախագահը որոշում կայացրեց կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը` առայժմ դուրս չգալով գործընթացից, որը լիակատար ըմբռնում եւ աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից ասվում է փաստաթղթում: