14 հունվարի 2011 - 20:03 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ հարաբերությունները 2010թ. զարգացել են բնականոն ընթացքով

Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ հարաբերությունները 2010թ. զարգացել են բնականոն ընթացքով: Հայաստանը շարունակել է իր անդամակցությունից, ինչպես նաեւ տարբեր կոնվենցիաներից բխող պարտավորությունների կատարման գործընթացը: Շարունակվել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումների գործընթացներում՝ մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Նախարարների կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2010թ. տարեկան հաշվետվության մեջ:

Մայիսի 11-ին Ստրասբուրգում կայացել է ԵԽ նախարարների կոմիտեի հերթական120-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Հաշվետու տարին նշանավորվեց հոկտեմբերի 19-21-ը Երեւանում ՀՀ ԱԳՆ եւ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված ԵԽ “Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի” 6-րդ համաժողովի անցկացմամբ: Պաշտոնական այցով Երեւան է այցելել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ Նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել “Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորում”-ում:

2010 թ. շարունակվել է Հայաստանի համագործակցությունը կազմակերպության խորհրդարանական հարթությունում: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության եւ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են եղել ինչպես անմիջապես Հայաստանին վերաբերող, այնպես էլ ԵԽԽՎ ընդհանուր օրակարգային հարցերը: Շարունակվել է Հայաստանի համագործակցությունը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, ասվում է փաստաթղում: