14 հունվարի 2011 - 20:29 AMT
2010 թ. ՀՀ-ն վավերացրեց մարդու իրավունքների ոլորտում մեծ կարևորություն ունեցող ՄԱԿ-ի` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան

2010 թ. սեպտեմբերի 20-26-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին, այդ թվում նաև սեպտեմբերի 20-22-ը` Հազարամյակի զարգացման նպատակներին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը: Հայաստանի արտգործնախարարը ծրագրային ելույթներով հանդես է եկել Գլխավոր ասամբլեայի վերոհիշյալ նիստերին: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2010թ. գործունեության հաշվետվության մեջ:

Իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Գլխավոր ասամբլեայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Էստոնիայի, Թունիսի, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի, Լիտվայի, Խորվաթիայի, Հունաստանի, Հունգարիայի, Կանադայի, Կիպրոսի, Կոսովոյի, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության, Սինգապուրի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Սլովենիայի, Վրաստանի և Օմանի իր գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների հանդիպմանը:

2010 թ. ընթացքում շարունակվել են աշխատանքները միջազգային տարբեր ատյաններում մարդու իրավունքների հարցերին վերաբերող ՀՀ քաղաքականության, այդ թվում այնպիսի գերակա խնդիրների ներկայացման ուղղությամբ, ինչպիսիք են` ԼՂ հիմնահարցը և Հայոց ցեղասպանության ճանաչումը:

2010 թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ անցավ Մարդու իրավունքների խորհրդի կողմից սահմանված նոր ընթացակարգը` Համընդհանուր պարբերական դիտարկումը:

2010 թ. Հայաստանը վավերացրեց մարդու իրավունքների ոլորտում մեծ կարևորություն ունեցող ՄԱԿ-ի` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

2010 թ. մայիսի 10-14-ը Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ –ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը և Եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովը: 2010 թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Նոյեմբերի 17-ին Նայրոբիում (Քենիա) կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում որոշվեց «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ցանկի մեջ:

2010-2011թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական օրակարգում ընդգրկվել են հայ միջնադարյան մշակույթի մեծագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակը և պատմիչ Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակը:

2010 թ. մարտից-ապրիլ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Հայաստանում կազմակերպվեցին շուրջ 3 տասնյակ միջոցառումներ:

Ապրիլին Հայաստան այցելեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը: Այցի ընթացքում հանդիպումներ կայացան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը հոկտեմբերին մասնակցեց Մոնթրոյում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որի Եզրափակիչ փաստաթղթում առաջին անգամ ընդգրկվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որը աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: