15 հունվարի 2011 - 13:21 AMT
Թուրքիայում լույս է տեսնում Նեդիմ Շեների նոր գիրքը՝ «Կարմիր ուրբաթ, ո՞վ կոտրեց Դինքի գրիչը»

Թուրքիայում լույս է տեսնում թուրք լրագրող Նեդիմ Շեների նոր՝ «Կարմիր ուրբաթ, ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գիրքը, որը պատմում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության մասին: Շեները գրում է, որ իրեն մեղավոր ճանաչած Օգյուն Սամաստը Տրաբզոնից պնդում է, որ միտումնավոր է հանձնվել իշխանություններին Սամսունում: «Եթե ես իրավապահներին հանձնվեմ Տրաբզոնում կամ Սամսունում, ինձ կսպանեն»,-իբր ասել է Սամաստը:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Շեները գաղտնի տեղեկություներ է ստացել Տրաբզոնի այն ժամանակվա ոստիկանության պետ Ռեշատ Ալթայից: Լրագրողը պնդում է, որ Ալթայը երկտող և ձայնագրություն է ուղարկել ներքին գործերի նախկին նախարար Աբդուլկադիր Աքսուին և վարչապետ Էրդողանին: Ձայնագրվել էր ազգայնական խմբավորման հանդիպումը, որին պատկանում էր նաև Սամաստը:

Սամաստի գործը առանձին վարույթ առանձնացվեց և փոխանցվեց անչափահասների գործերով դատարան օրենսդրության մեջ փոփոխությունների պատճառով, որից նա օգտվեց քանի որ սպանության օրը նրա 18 տարին դեռ չէր լրացել:

Նեդիմ Շեները նաև «Հրանտ Դինքի սպանությունը և հետախուզության սուտը» գրքի հեղինակն է, որի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նա արդարացվեց բոլոր կետերով 2010 թվականի հունիսին: