16 հունվարի 2011 - 17:02 AMT
Ալիևը կրկին փորձում է «վախեցնել» Հայաստանին ու Արցախին

«2010 թվականին մենք չկարողացանք առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- նախարարների կաբինետի 2010 թվականի արդյունքների ամփոփիչ նիստում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա Հայաստանին կրկին մեղադրել է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները ձախողելու և նախկինում բանակցությունների շուրջ համաձայնեցված հարցերին վերադառնալու փորձերի համար: Ալիևն ավելացրել է, որ 2011 թվականին ադրբեջանական կողմը մտադիր է առավել ամրապնդել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ «ադրբեջանական բանակն ընդունակ է ցանկացած պահին թշնամուն ջախջախիչ հարված հասցնել»: «Եվ այդ հարվածի արդյունքում իրադրությունը ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում կարող է բոլորովին այլ ուղղությամբ զարգանալ»,- ամփոփել է Ալիևը, հաղորդում է AZE.az-ը: