17 հունվարի 2011 - 16:33 AMT
Բաքվի ջարդերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Բաքվի հայկական ջարդերը Արևելյան Անդրկովկասում դեռևս նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայերի ցեղասպանության շարունակությունը դարձան: Բազում փորձերից հետո 1980-ականների ավարտին ողջ Ադրբեջանի տարածքում իրագործվեց Հայերի ցեղասպանություն: Դա հանդիսացավ Ադրբեջանի «ինտերնացիոնալի» հեղինակություն ունեցող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի կոտորածի անմիջական ու տրամաբանական շարունակությունը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ջավախահայերի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անպատիժ չարիքը կրկնվեց, ավելի մեծ ծավալներ ստանալով: 1990թ. հունվարի 13-19-ը տեղի ունեցած հայերի ջարդը վերջակետը հանդիսացավ Ադրբեջանի մայրաքաղաքը հայերից «մաքրելու» էթնիկ զտումներում, անկախ նրանից որ հայերը պետականաստեղծ ազգ էին 20-րդ դարի երկրորդ տասնամյակում ստեղծված այդ արհեստական պետության համար: Հազարավոր բաքվեցի հայեր զոհվեցին, շատերը հաշմվեցին, հարյուր հազարավորները փախստական դարձան:

Հայկական հարցը լուծվեց թուրքական փորձված միջոցի՝ ցեղասպանության ճանապարհով՝ կենտրոնական իշխանությունների թողտվության ու Ադր ԽՍՀ լռելյայն մասնակցության պայմաններում: Եվ եթե Սումգայիթում խորհրդային զորքերը ուշացան 3 օրով, ապա Բաքվում՝ մեկ շաբաթով»:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ Բաքվի ջարդերը ամենահամոզիչ փաստարկներից մեկն է այն հարցում, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ամբողջ 20-րդ դարի ընթացքում հայ ժողովրդի հանդեպ գործած վայրագությունները հաստատում են, որ Արցախի ժողովրուրդն իրավացի է իր պայքարում: