17 հունվարի 2011 - 21:53 AMT
Հայաստանը շահագրգռված է Կիպրոսի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմամբ

«Այսօր մեր երկրների միջև առկա է ոչ միայն ակտիվ քաղաքական երկխոսություն, այլև աշխույժ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում` քաղաքական, միջխորհրդարանական, ռազմական, մշակութային, կրթական և այլն:

Ավելի էական առաջընթաց կուզենայինք տեսնել նաև տնտեսության բնագավառում, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ` առաջիկա տարիներին այս բնագավառում նույնպես լուրջ առաջընթաց կարձանագրենք»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում:

«Կարելի է վստահաբար ասել, որ հայ-կիպրական համագործակցության ներկապնակը տարեցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով։ Բնական դաշնակիցներ լինելով հանդերձ` մենք շահագրգռված ենք միմյանց թե՛ քաղաքական և դիվանագիտական, թե՛ տնտեսական և սոցիալական հզորացմամբ:

Մեր ժողովուրդներին և երկրներին կապում է ոչ միայն պատմությունը և մշակույթը, այլև ապագան: Համոզված եմ, որ սերտ համագործակցությամբ և ընդհանուր ջանքերով միայն կարող ենք ապահովել մեր պետությունների կայուն ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագան: Վստահ եմ` մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: