18 հունվարի 2011 - 13:33 AMT
ՀՀ վարչապետ. Ջրի մաքրման հարցում «Կոկա-Կոլայի» օրինակն անհրաժեշտ է կիրառել այլ ընկերություններում

Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն: Վարչապետը մասնակցել է ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը, որում արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրվում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական և կենդանական կյանքի համար:

Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաև ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին է ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:

Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը, նշելով, որ այն ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է. «Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ Կոկա-Կոլան ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ դա ու միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են պետք է տարածենք նաև այլ ձեռնարկությունների վրա, որպեսզի էկոլոգիական միջազգային ստանդարտների կիրառվեն Հայաստանի Հանրապետության այլ ձեռնարկություններում»:

Ընկերությունը գործում է արդեն 15 տարի: Այսօր «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունում աշխատում է 318 մարդ, ընկերության կողմից Հայաստանում ստեղծված աշխատատեղերի քանակը հասնում է 3000-ի: 2010-ին ընկերությունը պետբյուջեի առաջ կատարել է իր հարկային պարտավորությունները 2 մլրդ դրամի չափով և երկրի խոշորագույն հարկատուներից է: