Հայկական հեռուստասերիալների «գաղտնի ուղերձները» ագրեսիա են պարունակում

PanARMENIAN.Net - «Սերիալներն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Որպես դրական կողմ կարելի է նշել նրա շարունակականությունը, ինչը մարդկանց կողմից ընդունվում է որպես կյանքի շարունակականություն: Բացի դրանից, սերիալն առանձին իրականություն է, որում մարդը կարող է մոռանալ իր հոգսերի և խնդիրների մասին»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նա ընդգծել է հասարակության վրա սերիալների բացասական ազդեցությունը, հատկապես դեռահասների և երիտասարդների վրա, որոնք շատ հաճախ ընդօրինակում են հերոսների ագրեսիվ պահվածքը: «Ես ականատես եմ եղել մի դեպքի, երբ 9-ամյա տղան փորձում էր կյանքին վերջ տալ` նմանակելով իր սիրած հերոսին: Դրա հետ կապված` կարծում եմ, որ հեռուստատեսությունը պետք է նման ֆիլմեր ցուցադրի ժամանակային խիստ շրջանակներում, որպեսզի երեխաները չկարողանան դրանք դիտել: Բացի դրանից, նման դեպքում կարևոր է նաև ծնողների դերը, որոնք պետք է հետևեն, թե ինչ է դիտում իրենց երեխան»,- ասել է մասնագետը:

Նա նաև նշել է, որ յուրաքանչյուր ֆիլմում, ինչպես նաև սերիալում թաքնված ուղերձներ կան: «Այսպես կոչված գաղտնի «մեսիջները», որոնք առկա են մեր սերիալներում, շատ վտանգավոր են, քանի որ դրանցում ագրեսիա կա»:

Նրա խոսքերով, պետք է ստեղծել հատուկ խորհուրդ, որը կվերահսկի թե ինչ կարելի է կամ չի կարելի ցուցադրել սերիալներում:

Իր հերթին, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ ժամանակի հետ հայ հանդիսատեսը կսկսի ավելի ինտելեկտուալ կինո պահանջել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---