18 հունվարի 2011 - 17:37 AMT
«Փախստականները և միջազգային իրավունքը» ՀԿ. Ոչ ոք իրավունք չունի խոսել ողջ ադրբեջանահայության անունից

«Հանգամանքների բերումով այսօր ստիպված ենք դիմել մեր ադրբեջանահայ հայրենակիցներին ոչ թե իրենց զոհված հարազատների հիշատակը ոգեկոչելու նպատակով, այլ ողջ մնացածների իրավունքները գործուն կերպով պաշտպանելու կոչով, քանի որ այդ իրավունքներն այսօր կարող են նորովի ոտնահարվել` այս անգամ արդեն հայկական միջավայրի ծնունդ հանդիսացող մարդկանց ու կազմակերպությունների կողմից»,- ասվում է «Փախստականները և միջազգային իրավունքը» Քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքով` հանիրավի յուրացնելով ողջ ադրբեջանահայության անունից խոսելու իրավունքը, նրանք հռչակում են գաղափարներ, որոնք իրականացվելու դեպքում վտանգ են սպառնում մարդկանց կյանքին ու բարօրությանը, նվաստացնում են նրանց արժանապատվությունը. նաև սպառնալիք են պարունակում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը։ «Այդ մարդիկ, փաստորեն, առաջարկում են ադրբեջանահայերի բռնի վերադարձ Բաքու, Սումգաիթ, Կիրովաբադ; ադրբեջանահայերի ստիպողական վերաբնակեցում ԼՂՀ մաս կազմող ազատագրված տարածքներում; երրորդ հայկական հանրապետության` ադրբեջանահայերի պետության հռչակում ազատագրված տարածքներում»,- ընդգծվում է փաստաթղթում:

Ուղերձում ընդգծվում է նաև, որ անգամ եթե այդ պնդումները անհաջող քարոզչության փորձ համարվեն, դրանք իրենց խիստ բացասական ազդեցությունն են թողնում մի կողմից ադրբեջանահայության և, առհասարակ, հայ հանրության շրջանում, մյուս կողմից կասկածի տակ են դնում ազատագրված տարածքների ԼՂՀ կազմում գտնվելու նպատակահարմարությունը։ «Եվ դա անում են ոչ թե ադրբեջանցիները, թուրքերը կամ հակահայկական քաղաքականության միջոցով սեփական շահերը հետապնդող օտար պետությունները, այլ մեր սեփական հայրենակիցները։ Զարմանալի է նաև այն, որ, կարծես թե, ՀՀ պետական քարոզչամեքենան հաճույքով է աջակցում այս «տարօրինակ» պնդումների հեռարձակմանն ու տարածմանը։ Այս ամենը խորացնում է Հայաստանում հաստատված ադրբեջանահայ փախստականների անվստահությունը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ, առաջացնում է արտագաղթի տրամադրություններ։ Ոչ մի անձ կամ կազմակերպություն իրավունք չունի խոսել ողջ ադրբեջանահայության անունից: Ոչ ոք, անգամ ՀՀ իշխանությունները կամ միջազգային կազմակերպությունները, իրավունք չունեն և չեն կարող պարտադրել ադրբեջանահայ փախստականներին ստիպողաբար վերադառնալ Բաքու կամ վերաբնակեցվել ԼՂՀ ազատագրված տարածքներում կամ այլուր: Երրորդ հայկական պետության (ադրբեջանահայերի հանրապետության) ստեղծման գաղափարը վտանգ է սպառնում ԼՂՀ տարածքային ամբողջականությանը և, վերջնարդյունքում, կարող է օգտագոծվել նաև Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցային գործընթայցում, որպես ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման լրացուցիչ հիմնավորում, որը կներկայացվի որպես հայկական նախաձեռնություն։ Մենք դեմ ենք, որ ադրբեջանահայությանը բաժին հասած ողբերգությունը լինի ճղճղան քարոզչության գործիք և ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ կլինեն հայ փախստականների իրավունքների ու շահերի գործուն պաշտպանության իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ: