«Սամպո Ռոզենլյու» ֆինական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան

«Սամպո Ռոզենլյու» ֆինական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն, հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ:

Հյուրերը տեղեկացրին, որ հետաքրքրված են հայաստանյան շուկայով և մտադրություն ունեն Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Նմանատիպ նախագծեր ընկերությունը հաջողությամբ իրականացնում է տարբեր, այդ թվում` մի շարք ԱՊՀ երկրներում: Տեղական ներուժի ներգրավմամբ նման փոխշահավետ նախագծի իրագործումը, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա բավարարել թե երկրի ներքին պահանջարկը, թե արտահանել տեխնիկան: Ընկերությունը ծրագիրը նախատեսում է իրականացնել գործընկերային սկզբունքներով:

Փոխվարչապետը նախագիծը հետաքրքիր համարեց` միաժամանակ դրա հաջող իրականացման համար կարևորելով շուկայի և օրենսդրության համակողմանի ուսումասիրությունը: Նա հյուրերին առաջարկեց ծանոթանալ շուկայի պահանջարկին, գործարար հնարավորություններին, և այդ համատեքստում առաջարկեց հանդիպել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ: Ծրագրի իրագործման դեպքում փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---