19 հունվարի 2011 - 16:48 AMT
«ԻՆԳՈ Արմենիան» զբաղեցնում է Հայաստանի պարտադիր ապահովագրական շուկայի 20 տոկոսը

Պարտադիր ապահովագրման պայմանագրերի վաճառքով «ԻՆԳՈ Արմենիան» զբաղեցնում է ողջ շուկայի 20 տոկոսը, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընկերության պատասխանատու ակտուար Հայկ Զաիմցյանը:

«2011-ի հունվարի 18-ի դրությամբ ընկերությունում ստացվել է ճանապարհատրասնպորտային պատահարների փաստերով 240 զանգ, բայց մեր հաճախորդների միայն մի մասն է մեղավոր: Տվյալ պահին քննարկման գործընթացում է 45 հայտ: 25 ապահովագրական դեպքերով վճարվել է շուրջ 4 մլն դրամ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է շուկայի ընդհանուր ցուցանիշներին, ապա, փորձագետի կարծիքով, մոտ ժամանակները Հայաստանում ապահովագրված մեքենաների թիվը կհասնի 320-350 հազարի ներկա 260 հազարի փոխարեն:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` Զաիմցյանն ասել է, որ պարտադիր ապահովագրման համակարգի ներմուծման հետ կապված` աճել է ԿԱՍԿՈ պայմանագրերի վաճառքը: