19 հունվարի 2011 - 18:26 AMT
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թե համակարգում առկա խնդիրները, թե այն ուղղություններն ու քայլերը, որոնք ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները, և թե մարտիմեկյան իրադարձություններին հետևած գործընթացներին:

Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն նկատեց, որ իր կարծիքով էլ «բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»-իր խոսքում նշեց Թոմաս Համմարբերգը:

Հրայր Թովմասյանը մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկացրեց այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների (քրեական դատավարության և ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք) մասին: Համմարբերգը կարևորեց հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ներառված դիտարկումները դատավարությունների ընթացքի և տեղ գտած թերությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարը փոխանցեց, որ քրեական դատավարության մասին նոր օրենքը և մյուս օրենսդրական ակտերը մշակվում են հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները:

Ինչպես հայտնոմ է Հայաստանի Հանրապետության արդարադատության մամլո ծառայությունը, կողմերն անդրադարձան նաև 2008 թվականի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո դատապարտված և առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց Թոմաս Համմարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները և դրան հաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որ կան դատական, ոստիկանական համակարգում, ուստի « Հենց նախարարի խնդիրն է գտնել և վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները»: