21 հունվարի 2011 - 15:05 AMT
Վազգեն Սաֆարյան. 2011-ը պետք է լինի արդյունաբերության զարգացման տարի

2010-ի արդյունքներով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմելու է ավելի քան 800 մլրդ դրամ, ինչը 8-9 անգամ քիչ է, քան արտադրվել է 1988-ին: Այդ մասին լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Վազգեն Սաֆարյանը: «Ընթացիկ տարին պետք է դառնա արդյունաբերության զարգացման տարի: Երկրի նախագահը և վարչապետը մտադրություն ունեն զարգացնել այս ոլորտը, և ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելացնել արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում: Եթե 2010-ի 11 ամիսների արդյունքներով այդ բաժինը կազմում է 23.66 տոկոս, ապա, ինձ թվում է, 2011-ին այդ բաժինը կկազմի շուրջ 27-28 տոկոս»,- ասել է նա:

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի լավագույն ցուցանիշը եղել է 50 տոկոսի մակարդակում: Նրա կարծիքով, դրան կարելի է հասնել միայն ուղղակի հարկերի ավելացման միջոցով: «Ընթացիկ տարում նախատեսվում է հավաքել 650 մլրդ դրամի հարկեր, այդ գումարի 50 տոկոսը բաժին է ընկնում ԱԱՀ-ին, ինչը վկայում է չզարգացող տնտեսության միտումների մասին»,- հավելել է նա:

Փորձագետը նաև հաղորդել է, որ Հայաստանում ուղղակի հարկերը կազմում են 25-26 տոկոս, իսկ անուղղակի հարկերը` 65 տոկոս, բայց պետք է լինի հակառակը: