24 հունվարի 2011 - 13:03 AMT
Կարեն Նազարյան. Խաղաղաշինության գործընթացները իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության պատճառներն ու հետեւանքները

Հունվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման թեման էր «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո», որին մասնակցում էին Խորհրդի անդամ եւ ոչ-անդամ երկրները, որոնք շարունակական հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղաշինության ու վերականգնման դժվարին շրջանի գործընթացներին, քանի որ պատերազմի մեջ ներքաշված հասարակության համար էական նշանակություն ունի կարճաժամկետ կայունացումից երկարաժամկետ անվտանգության անցումը: Ի թիվս ՄԱԿ-ի անդամ-երկրների, թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում նշել է, որ խաղաղաշինության համար անհրաժեշտ գործընթացները քննարկելիս ու իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ իրավիճակի յուրահատկությունը, հակամարտության պատճառներն ու հետեւանքները, որպեսզի առավել արդյունավետորեն իրականացվեն տուժած բնակչության կարիքների ապահովմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այս համատեքստում, մասնավորապես կարեւորվել է հիմնական դերակատարների, այդ թվում պետությունների, տարածաշրջանային միջկառավարական կառույցների, միջազգային ֆինանսական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգված դերակատարումն ու համագործակցությունը` խաղաղության ու կայուն զարգացմանն ուղղված վերինտեգրման ու վերակառուցման ջանքերը հաջողությամբ իրականացնելու համար: