Ֆրանսիայի նախագահը հարուցել է Շառլ Ազնավուրի վրդովմունքը

PanARMENIAN.Net - «Ես վրդովված եմ Ֆրանսիայի նախագահի խոսքերով և ասում եմ, որ նա իրավացի չէ՝ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքականից մեծ է: Հայերն արյուն են թափել Ֆրանսիայի համար: Ես առաջին անգամ եմ խոսում այդ մասին, սակայն եթե Սարկոզին չփոխի իր դիրքորոշումը, ես մշտապես կխոսեմ այդ մասին»,-հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Dauphine Libéré թերթին: Ազնավուրն այդպիսով պատասխանել է WikiLeaks-ի հրապարակմանը, որտեղ ասվում է այն մասին, թե Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում»: Օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի ստորին պալատի կողմից 2006թ. հոկտեմբերի 12-ին, սակայն ետ է կանչվել 2007թ. մայիսի 27-ին՝ Սարկոզիի նախագահ ընտրվելուց հետո: 2007թ. ապրիլի 24-ին Սարկոզին խոստացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին աջակցել օրինագծի ընդունմանը, սակայն ոչինչ չարեց: «Մենք՝ հայերս, այս երկրում 400-500 հազար ենք, և ես գիտեմ, որ նրանք բոլորն իմ կողքին կլինեն: Ես քաղաքական գործիչ չեմ, սակայն ես կարևոր քաղաքական նպատակ ունեմ: Ես գիտեմ, որ վտանգում եմ կյանքս, ասելով այս ամենը: Սակայն, նկատի ունենալով իմ տարիքը, միթե՞ դա ռիսկ է ինձ համար»,-ասել է Ազնավուրը:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հունվարի 23-ին Փարիզում Շառլ Ազնավուրին է հանձնվել 2011 թվականի Prix Scopus, որը սահմանված է Երուսաղեմի համալսարանի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---