26 հունվարի 2011 - 14:48 AMT
Շահան Քանդահարյան. Լիբանանում քաղաքական ճգնաժամը թևակոխել է նոր փուլ

Լիբանանում քաղաքական ճգնաժամը թևակոխել է նոր փուլ: Խորհրդարանի 68 պատգամավորներ աջակցել են Նաջիբ Միքաթիի թեկնածությանը, որը դարձել է Լիբանանի նոր վարչապետը: Շուտով նա սկսելու է նախարարների նոր կաբինետի ձևավորումը: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, չնայած նրան, որ վարչապետ Միքաթին առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին մասնակցել նոր կառավարության ստեղծմանը, դիտորդներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ընդդիմության բոյկոտին:

Քանդահարյանի խոսքերով, քաղաքական ճգնաժամը շարունակվում է, սակայն երկրում իրավիճակը վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից: «Պաշտոնական Անկարան հոգնել է լիբանանյան ճգնաժամի կարգավորման ակտիվ փորձերից, բայց Թուրքիայի ԱԳՆ-ն չի թողնում իրավիճակին միջամտելու փորձերը: Ներկա ճգնաժամն ուղղակի կամ անուղղակի կապված է նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության և Միջազգային դատական ատյանի որոշման հետ: Լիբանանի ճգնաժամը բեմահարթակ է դարձել գերտերությունների և տարածաշրջանային խաղացողների շահերի բախման համար»,- ասել է նա: