26 հունվարի 2011 - 17:47 AMT
ԼՂՀ ԱԺ-ն չի դիտարկի «ԼՂՀ Ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» Հռչակագրի նախագիծը

2010 թվականի նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ԼՂՀ Ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» Հռչակագրի նախագծի քննարկումը: Քննարկումներին մասնակցում էին ԼՂՀ քաղաքիական հասարակության առաջնորդներ, իրավաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ և ԼՂՀ պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցները հավանություն տվեցին նման փաստաթուղթ պատրաստելու` Հանրային խորհրդի նախաձեռնությանը, առաջարկություններ և դիտողություններ կատարեցին նախագծի տեքստի վերաբերյալ և արտաքին քաղաքականության և անվտանգության Հանրային խորհրդին լիազորեցին վերջնական մշակել Հռչակագրի նախագիծն ու այն փոխանցել ԼՂՀ Ազգային Ժողով:

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ԼՂՀ Ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» Հռչակագրի թարմացված նախագիծը հանձնվեց ԼՂՀ Ազգային Ժողովի դիտարկմանը:

ԼՂՀ ԱԺ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի` օրերս ստացված նամակում ասվում է, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Ազգային Ժողովը լիազորված է որոշումներ, դիմումներ և հայտարարություններ ընդունել բացառապես իր օրենսդրական գործունեության և աշխատանքի կազմակերպման շրջանակներում: Ինչպես նշվում է նամակում, Հռչակագրի առաջարկված նախագիծը չի կարող ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա դառնալ, հաղորդում է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության Հանրային խորհուրդը: