
Հայտնի է դարձել «Դոմոդեդովոյում» ահաբեկչության գործով առաջին կասկածյալը: ՌԴ Հյուսիսկովկասյան և հարավային դաշնային շրջաններից ՆԳՆ և ԱԴԾ մարմինները տեղեկություններ են ստացել Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, ոմն Ռազդոբուդկոյի մասին, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ հրատարակության, ենթադրվում է, որ նա «Նոգայի ջամահաթ» ահաբեկչական խմբի մասնակից է, որը ջախջախվեց նախորդ տարվա հոկտեմբերին: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նա կարող է լինել 35 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչն ու նույնիսկ կատարողը: Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:
«Ռազդոբուդկոն միակ մարդը չէ, որի անձը ստուգվում է, ուստի, պետք չէ շտապել եզրակացությունների հետ»,-ասել է աղբյուրը իրավապահ մարմիններում:
Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 35-ի: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):