27 հունվարի 2011 - 13:39 AMT
Հայաստանն ավելի շատ բարոյական, քաղաքական և իրավաբանական իրավունք ունի Թուրքիային նախապայմաններ ներկայացնելու համար

Բոլոր հայերի համար միանշանակ պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայից: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշել է նախագահը, Հայաստանի ղեկավարությունը ուժ գտավ շփման գնալու թուրքական կողմի հետ առանց նախապայմանների:

«Եթե խոսելու լինենք նախապայմանների մասին, ապա մենք ավելի շատ բարոյական, քաղաքական և իրավաբանական իրավունք ունենք Թուրքիային նախապայմաններ ներկայացնելու համար: Ապրիլի սզկբին Ստամբուլ ժամանեց ԱՄՆ նախագահ Օբաման, այն ժամանակ արդեն, նրա մեկնումից հետո Թուրքիայի վարչապետը սկսեց խոսել ինչ-որ նախապայմանների, ղարաբաղյան հարցում զիջումների մասին: Ինչն, իհարկե, անընդունելի էր մեզ համար»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակվել միայն մի դեպքում՝ եթե Թուրքիան առանց նախապայմանի վավերացնի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Նա հավելել է, որ միակողմանի կարգով Հայաստանը պատրաստ չէ նոր բանակցություններ սկսել կամ փոփոխություններ կատարել Արձանագրություններում:

«Գործընթացի միակ շարունակությունը կարող է լինել այդ արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից: Եթե այդպես շարունակվի, գուցե մեզ համար միակ ելքը լինի մեր ստորագրությունը ետ կանչելը և այդ դեպքում, նույնիսկ Թուրքիայի կողմից վավերացման դեպքում, այդ արձանագրությունները ոչ մի ուժ չեն ունենա»,-ասել է ՀՀ նախագահը: