27 հունվարի 2011 - 15:52 AMT
ԵԽԽՎ-ն Մերձավոր Արևելքում արձանագրում է քրիստոնյաների դեմ բռնությունների աճ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լսել է «Բռնությունը քրիստոնյաների դեմ Մերձավոր Արևելքում զեկույցը, որը ներկայացրել է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն:

«2010թ. քրիստոնյաների դեմ հարձակումներն աշխարհում աճել են: Դավանանքի ազատության պահպանման մասին տվյալները վկայում են, որ կրոնական բռնության մեծ մասը գործադրվել է քրիստոնյաների դեմ»,-ասվում է բանաձևում, որն ընդունվել է այդ հարցի քննարկման արդյունքում:

Փաստաթղթում ասվում է, որ քրիստոնեական համայնքների հարաբերությունները Մերձավոր Արևելքում մահմեդական մեծամասնության հետ «միշտ չէ որ հարթ են ընթանում»:

«Ըստ հաղորդագրությունների, խտրականություն կա ողջ այդ տարածաշրջանում, սակայն առանձին երկրներում ժամանակ առ ժամանակ քրիստոնյաների հանդեպ առանձնակի դաժան վերաբերմունքի դեպքեր են գրանցվում: Ընդ որում պետական մարմինները որոշ երկրներում երբեմն հավաստի տվյալներ չեն հաղորդում այդ երկրների տարածքում բնակվող կրոնական համայնքների մասին», հաղորդում է Interfax.ru-ն: