27 հունվարի 2011 - 17:26 AMT
Բանակի օրվա կապակցությամբ մի խումբ զինծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 13742 զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Մարդոյանը և թիվ 24939 զորամասի հրամանատար, գնդապետ Առաքել Մարտիկյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 92950 զորամասի հրամանատար, գնդապետ Հայկ Կարապետյանը, թիվ 11556 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը, թիվ 28920 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Սարգսյանը, թիվ 10564 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական ներկայացուցչության ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Թառոյանը, ազատամարտիկ Արթուր Օվչյանը:

Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Արիության և Մարտական ծառայության մեդալներով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:

Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը. «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը նա համարել է մեծ հպարտություն, վստահություն հայտնելով, որ այսօր պարգևատրված զինծառայողների հետ հպարտանում են նաև իրենց հրամանատարները, ենթակաները, ընկերները, ծնողներն ու զավակները: