27 հունվարի 2011 - 18:08 AMT
Սիս Միքայելյանը կցագնդերով ձեռքերը ներքևից վերև բարձրացնելու Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամ Սիս Միքայելյանը հունվարի 27-ին կանգնած վիճակում 1 ժամ 42 րոպեի ընթացքում 3100 անգամ բարձրացրեց կցագնդերը, որոնց քաշը կազմում է 5կգ 400գր:

Միքայելյանը Ջավախքից է և սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգերի ֆակուլտետում: Նա զբաղվում է նաև բռնցքամարտով, հանդես է գալիս միջին քաշային կարգում ու ներկայացնում Հայաստանի սպորտային միությունը:

«Սպորտով զբաղվում եմ արդեն չորս տարի: Տնային պայմաններում չորս անգամ փորձել եմ սահմանել այս ռեկորդը. կարողացա բարձրացնել 2800 և 3000 անգամ: Ուզում եմ իմ ռեկորդը գրանցել Գիննեսի Ռեկորդների գրքում»,- ասաց Սիս Միքայելյանը:

Ռեկորդը գրանցող հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով` Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագիրք» կոչվող գրքում 50 մարզիկներ են գրանցված, իսկ ռեկորդների թիվը կազմում է 99: «Այդ ռեկորդներից 8-ը գրանցվել են նաև Գիննեսի գրքում: Իններորդ արդյունքը սպասում է հաստատմանը: Եվ ես շատ ուրախ եմ, որ Սիսն այսօր կարողացավ հաջողությամբ սահմանել այս ռեկորդը և համալրել «Դյուցազնագրքի» ռեկորդների ցուցակը»,- ասաց Թովմասյանը: