Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

PanARMENIAN.Net - 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ Հայտարարության տեքստի տակ դրված են ֆրանսիայի Ազգային Ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է:

Որոշվեց հայտարարության տեքստը և այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ի գիտություն, ինչպես նաև այն տարածել ֆրանսիական լրատվամիջոցների շրջանում: Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ 145 ֆրանսիացի պատգամավորներ, որոնց մեծ մասը ներկայացված է նաև ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում և այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտեցին Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները և պաշտպան կանգնեցին սեփական կառավարության դիրքորոշմանը` քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծմում գտնելու վերաբերյալ:

Հայտարարության տեքստում պատգամավորները, մասնավորապես, անդրադարձել են 2010 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպին` նշելով, որ դատապարտում են զինադադարի ցանկացած խախտում, որպիսին եղավ հունիսի 18-ին` խլելով 5 մարդու կյանք։ Զենքի սպառնալիքի ներքո անհնար է վստահություն նախադրյալներ կառուցել։ «Մենք հորդորում ենք ֆրանսիական կառավարությանը առավել ջանքեր գործադրել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ և դիմում ենք գլխավոր անձանց պատասխանատվության զգացողությանը` գտնելու համաձայնեցված, խաղաղ և երկարատև լուծում տարածաշրջանի համար, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը:

Հունիսի 18-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը` չորս զոհ և չորս վիրավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---