29 հունվարի 2011 - 12:15 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքական կողմը ձևացնում է, թե չի լսում այն, ինչ ասում է միջազգային հանրությունը

«Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ թե ուղղակի կառուցողական չէ, այն ապակառուցողական է այս հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից»,-ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը: Ընդ որում, նա հիշեցրել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, որից հետո բանակցություններ սկսվեցին և ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ նրա, Հայաստանը հենց սկզբից պայմանավորվել էր Թուրքիայի հետ, որ գործընթացը սկսվում է առանց նախապայմանների:

«Իսկ արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան իր մեջ ուժ չգտավ պահպանելու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda, այն է. պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Ստորագրումից հետո թուրքական կողմը անմիջապես վերադարձավ նախապայմաններին, որի պատճառով էլ հայ-թուրքական գործընթացը հայտնվեց փակուղում»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Անկարան փորձում էր շաղկապել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ:

Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը բազմիցս է հավաստիացրել, որ այդ գործընթացները շաղկապելու փորձերը վնասում են և մեկին, և մյուսին: «Թուրքական կողմը ձևացնում է, թե չի լսում այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: Երկրորդ հարցը՝ Հայոց ցեղասպանության հարցն է: Երբ մենք նախաձեռնում էինք գործընթացը, անկախ նրանից, որ Թուրքիան 95 տարի մերժողական քաղաքականություն է վարել, ասացինք, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում որպես նախապայման: Սակայն, դա չի կարող նաև նախապայման լինել Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, հայկական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև նրա միջազգային ճանաչման կարևորությունը: «Այդ մասին մենք ասել ենք նաև թուրքական կողմին, միջնորդներին և բոլոր երկրներին, որոնք աջակցում են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Սակայն, Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, այդպիսով իսկ ապակառուցողական դիրքորոշում որդեգրելով ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացում»-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը: