31 հունվարի 2011 - 12:26 AMT
Սանկտ Պետերբուրգի առաջին հայկական ֆուտբոլի լիգային կմասնակցի 10 թիմ

Սանկտ Պետերբուրգի առաջին հայկական ֆուտբոլի լիգան մեկնարկում է փետրվարի 12-ին: Մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել 10 թիմեր՝ «Real Arm», «Կյանքս», «Կարս», «Բորեց», «Ինտերնացիոնոլ». «Արարատ», «Բրոդյագի», «Ուրարտու», «Լենինգրադ» և «Արամազդ» թիմերը: Սակայն գրանցումը բաց է և կազմակերպիչները նոր թիմերի են սպասում, հայտնում է miasin.ru-ն: Մեկ ամսվա ընթացքում մասնակիցները կխաղան միմյանց հետ: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2011թ. մարտի 5-ին:

Մինի-ֆուտբոլի լիգայի նախաձեռնողը Սանկտ Պետերբուրգի Հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպությունն է, որը վերջին տարում երկու բաց մինի-ֆուտբոլի գավաթի մրցաշար է անցկացրել, սեղանի թենիսի, վոլեյբոլի, բադմինտոնի մրցաշարեր:

«Մեծ է հայ ֆուտբոլիստներին ու նրանց բարեկամներին մեկ տանիքի տակ միավորելու ցանկությունը: Խաղեր անցկացնելով մեկ ամիս շարունակ, գլխավորը, ինչին մենք կհասնենք, նոր ծանոթություններն ու նոր ընկերները կլինեն»,-ասել է «Նոր սերնդի» նախագահ Սամվել Սարուխանյանը, որը նույնպես կպայքարի չեմպիոնի կոչման համար «Կյանքս» թիմի կազմում: