31 հունվարի 2011 - 15:49 AMT
Լիլիթ Գալստյան. Երևանի քաղաքապետարանը ֆոն է ստեղծում սոցիալական ընդվզման համար

Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտրի արգելման մասին միանշանակ ճիշտ է, սակայն, մարդկանց պետք է համարժեք այլընտրանք ներկայացվի, գտնում է ՀՀԿ անդամ, պատգամավոր Մանվել Բադեյանը: «Տեսականորեն դա ճիշտ որոշում է, եթե անտեսենք սոցիալական գործոնը, այն մարդկանց, որոնք դրանով իրենց հացն են վաստակում: Իսկ եթե մտածենք, որ հիմա ժամանակն է թե ժամանակը չի, ապա մենք միշտ կարող ենք ասել, թե ժամանակը չէ»,-հավելել է նա:

Իր հերթին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ երկրում աղքատության ու գործազրկության նման մակարդակ ունենալով քաղաքապետարանը պետք է հաշվի առներ բոլոր այդ սոցիալական գործոնները և նախնական բացատրական աշխատանք տաներ, համարժեք տարածքներ տրամադրեր: «Երկրում առանց այդ էլ մեծ է սոցիալական լարվածությունն ու դժգոհության աղբյուրները, և գումարել դրանց դժգոհների ևս մեկ բանակ, կնշանակի ավելացնել առանց այդ էլ մեծ դժգոհությունը և ֆոն ստեղծել սոցիալական ընդվզման համար»,-ասել է նա: