Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում գործազուրկներն ու թոշակառուները

Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում գործազուրկներն ու թոշակառուները

PanARMENIAN.Net - Հայաստանում ամենից շատ ինքնասպանություն են գործում կամ փորձում են կատարել գործազուրկներն ու սոցիալական ապահովմամբ ապրող մարդիկ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 57,3% բաժին են ընկել գործազուրկներին, իսկ 17,7%-ը` թոշակառուներին»,- նշեց նա:

Կույումջյանի խոսքով` ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը հիմնականում գրանցվել են 30-ից 65 տարեկան և 65-ից բարձր տարիքային խմբում, ինչպես նաև 18-ից 29 տարեկան տարիքային խմբում: Ընդհանուր առմամբ 2010 թվականին 592 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցվել, ինչը 18,9%-ով բարձր է 2009թ. ցուցանիշից (498):

«2010 թվականի ընթացքում 225 ինքնասպանություն և 367 ինքնասպանության փորձ է գրանցվել»,- ընդգծեց Կույումջյանը:

Նա ավելացրեց նաև, որ 2010 թվականին ավելի քան 28 հազ. մահ է գրանցվել, ինչը 1,6%-ով ավելի է, քան 2009 թվականին: «Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության հետ կապված (սիրտ-անոթային) հիվանդությունները, նորագոյացությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները: Ցածր է շնչուղիների հետ կապված հիվանդությունների տոկոսը: Մահերի մեծ տոկոս բաժին է ընկնում Լոռու մարզին»,- նշեց Կույումջյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի, ինչպես և 2009 թվականին, ծնելիությունը 1.6 անգամ գերազանցել է մահացությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---