Երևանում կայացավ «Նա/Նե 2010» մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տպագիր հոդված» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը` «Նռան ծաղիկը փախավ հայրական տնից» հոդվածի համար: «Ռադիո նյութ» անվանակարգում 12 աշխատանք էր ներկայացված: Առաջին տեղը շնորհվեց Արմինե Գևորգյանին «Ռադիո Հայ»-ից: Իսկ «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում ներկայացված 29 աշխատանքներից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակին: «Չեմ լռի…» աշխատանքի համար Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը հաղթող ճանաչվեց «Ուսանողական աշխատանք» անվանակարգում: «Առևտրային գովազդ» անվանակարգում հաղթեց Status Holding ընկերությունը: «Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգում, որտեղ ամենից շատ աշխատանք էր ներկայացված (43) հաղթող ճանաչվեց Աննա Մուրադյանը «Պարզապես կույր հավատ. Մարիամ Սուխուդյանը Ժաննա Դ’Արկը չէ» հոդվածով: Իսկ «Լուսանկարչական աշխատանք» անվանակարգում 7 աշխատանքներից միայն մեկի հեղինակն արժանացավ մրցանակի` Իննա Մխիթարյանը:

«Նա/Նե 2010» մրցույթում ներկայացված աշխատանքները պետք է արտացոլեին գործունեություն, ձեռքբերումներ, խնդիրներ և գենդերային բռնությունը կանանց նկատմամբ քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում` տղամարդկանց և կանանց հավասարության տեսակետից: Ամենամյա մրցանակաբաշխության նպատակը տարվա ընթացքում նման թեմաների լուսաբանման խթանումն է: Միջոցառման կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---