1 փետրվարի 2011 - 09:32 AMT
Վլադիմիր Զախարով. Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը հերթական մեռելածին կառույցն է

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հանձնաժողովը հերթական միջազգային կառույցն է, որը կոչված է ցուցադրել «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուռն գործունեությունը»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, ինչպես ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը: «ԵԱՀԿ ՄԽ-ն չի կատարել իր գործառույթները և զբաղվում է բացառապես սեփական PR-ով: Հակամարտությունը լուծելու համար պետք է հասկանալ խնդրի էությունը, ուսումնասիրել հակամարտության պատմությունը, ինչը համանախագահների համար ուղղակի անհնար է»,- ասել է ռուս փորձագետը:

Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիան փորձում է վերականգնել հայ-թուրքական գործընթացը, սակայն շատ ջանքեր ապարդյուն են: «Այնպես է դասավորվել, որ իբր գործընթացը դադարեցվել է Հայաստանի կողմից, բայց իրականում նախաձեռնողն ԱՄՆ-ն էր: Նա ընդհատեց գործընթացը, որովհետև ղարաբաղյան հակամարտությունը մտել էր փակուղի, իսկ դա նրա համար ձեռնտու չէր: Պետք է նշեմ, որ համաշխարհային հանրությանը բոլորովին չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդ հակամարտությունը պետք է ԱՄՆ-ին, քանի որ ԼՂՀ-ն շատ մոտ է Իրանին, և այն կարելի է օգտագործել որպես ապագա պատերազմի հարթակ, եթե ԱՄՆ-ն ամեն դեպքում որոշի պատերազմել Թեհրանի հետ»,- ասել է Վլադիմիր Զախարովը: