2 փետրվարի 2011 - 09:58 AMT
Եգիպտոսի նախագահը հրաժարական չտվեց, բայց 2011-ի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի 1-ին իր հեռուստաուղերձում հաղորդել է, որ նախագահության վերջին ամիսները նվիրելու է իշխանությունը խաղաղ կերպով հանձնելու նախապատրաստությանը: Եգիպտացի առաջնորդի ելույթը հեռարձակել են աշխարհի առաջատար լրատվական հեռուստաալիքները:

Մուբարաքի խոսքերով, նա մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2011-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններում: Սակայն հրաժարական տալ դեռ չի նախատեսում: Նախագահը խոստացել է պայմաններ ստեղծել ընտրություններում մրցակցության համար, մասնավորապես, փոխել սահմանադրության 76-րդ հոդվածը, որն անհնար է դարձնում անկախ թեկնածուների մասնակցությունը նախագահական ընտրություններին: Բացի դրանից, Մուբարաքն առաջարկել է սահմանափակել մեկ քաղաքական գործչի նախագահության ժամկետները:

Նախագահը նաև նշել է, որ միշտ պաշտպանել է իր երկիրը և մտադիր է մահանալ Եգիպտոսում: «Ինձ կդատի պատմությունը: Հայրենիքը կշարունակի ապրել, մարդիկ` ոչ»,- ասել է նախագահը:

Ավելի վաղ երեքշաբթի օրը Կահիրեում «Միլիոնների երթին» մասնակցել է ավելի քան 2 մլն մարդ, որոնք պահանջել են Եգիպտոսի նախագահի հրաժարականը: Զինվորականները խոստացել են ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ: Եգիպտոսում շաբաթից ավել տևող զանգվածային ցույցերն արդեն հանգեցրել են կառավարության հրաժարականին: